Հարգելի գործընկերնե՛ր

«Urbis et Orbis. քաղաքի միկրոպատմությունը և նշանագիտությունը» բաց հասանելիությամբ գիտական գրախոսվող հանդես է։ Այն հարթակ է քաղաքային տարածքի, գեղարվեստական տեքստերում քաղաքների, տեսողական նշանագիտության ու միկրոպատմագիտական հետազոտությունների, ինչպես նաև տեսական խնդիրների քննարկման համար:

Հանդեսը հնարավորություն է ընձեռում անկախ, քննադատական և ինքնաանդրադարձման (ռեֆլեքսիվ) քննարկման համար, ուր մեծ տեղ է հատկացվում քաղաքային հետազոտություններին (urban studies), մարդաբանությանը, հասարակաբանությանը և մակրոհասարակաբանությանը, ինչպես նաև հումանիտար ու սոցիալական գիտությունների տարբեր խոսույթներում տեսողական պատկերների քննությանը:

Հրատարակության պարբերականությունը՝ տարեկան 2 համար

Հանդեսը հիմնադրվել է 2021 թվականին Հայ-ռուսական համալսարանի (Երևան, Հայաստան) կողմից:

Հանդեսն ընդունում է քաղաքին ու քաղաքային տարածքին վերաբերող մշակութային և մարդաբանական միջգիտակարգային հետազոտություններ։ Առաջին հերթին ակնկալվում են հետազոտություններ հարանշանային (կոնոտատիվ) նշանագիտության ոլորտից, խոսքային-վերխոսքային վերլուծություններ, ինչպես նաև քաղաքային տարածքի՝ «երրորդ տեղին» նվիրված ուսումնասիրություններ։

Գիտական նյութերն ընդունվում են հրատարակման հետևյալ թեմաներով․

  • Մշակութային հաղորդակցման քաղաքային ձևերը։ Քաղաքների լեզուները։ Համաժամանակյա և տարաժամանակյա հաղորդակցությունը քաղաքային միջավայրում։
  • Քաղաքների ֆուտուրիստական և ուտոպիական մոդելները և դրանց իրականացումը։ Իդեալական քաղաքը գործնականում և տեսության մեջ։
  • Քաղաքի տեսողական նշանագիտությունը։ Քաղաքային ճարտարապետությունը՝ որպես նշանագիտական համակարգ։ Տեսողական էկոլոգիա։ Քաղաքի կոդը։
  • Սոցիալական շերտավորումը (ստրատիֆիկացիան) և մարգինալիզացիան քաղաքային համայնքներում։ Քաղաքային տիպեր և կերպեր։
  • Պատմական քաղաքը՝ որպես արժեք, և արդիականության հարցը։ Քաղաքային ճարտարապետությունը՝ որպես կյանքի ոճեր։
  • Քաղաքային տարածքի մոդելավորումն ու կառուցվածքը։ Քաղաքացիների մասնակցությունը քաղաքային տարածքների ձևավորմանը և ձևափոխմանը։
  • Քաղաքը անձնական կենսագրության մեջ։ Քաղաքների մտային քարտեզները։
  • Քաղաքի միֆերն ու առասպելականացումը համաժամանակյա և տարաժամանակյա կտրվածքում։
  • Աշխարհագրական միջավայրը՝ որպես քաղաքային լանդշաֆտի մաս։ Քաղաքային լանդշաֆտը և քաղաքի «տեսքը»։
  • Քաղաքի «երևակայելին» (ֆր․ Imaginaire)
  • Քաղաքային բանահյուսությունը։
  • Քաղաքը՝ որպես արտահայտություն, նկարագրություն, վերագրում, հղում, փոխաբերություն, տեքստ և կրկնագիր։
  • Քաղաքը և համալսարանը, քաղաք-համալսարան։ Համալսարանը՝ որպես քաղաքը մոդելավորող սկիզբ և տարածքի շարժիչ ուժ:
  • Քաղաքի գեղարվեստական պատկերումը։ Քաղաքը գեղանկարչության, կինոյի, ֆոտոյի, ֆոտոարվեստի, գովազդի և կոմիքսների մեջ։
  • Քաղաք և լանդշաֆտ։ Բնական և արհեստական լանդշաֆտները քաղաքի մշակութային տարածքներում։
  • Քաղաքի կերպը, իմիջը և բրենդը։ Քաղաքային կերպերի զարգացումը։ Քաղաքը՝ որպես տարածաշրջանի և երկրի բրենդ։
  • Քաղաքի սրբազնային տարածությունները։ Սրբազնությունը, ապասրբազնությունն ու վերասրբազնությունը քաղաքում։ Աշխարհիկ և հետաշխարհիկ տարածքներ։
  • Քաղաքային կոլորիստիկան՝ որպես տեսողական նշանագիտություն և գեղագիտություն։
  • Քաղաքային միջավայրի ձևավորման հնարներն ու դրա ձևաարտահայտչական պլանը։
  • Քաղաքը գեղարվեստական և վավերագրական տեքստերում։
  • Քաղաքի մակրոհասարակաբանությունը։
  • Երևակայական քաղաք։